Categories
Uncategorized

Ընտանի կենդանիների օգտակար ազդեցությունը

Ընտանի կենդանիների օգտակար ազդեցությունը

Ընտանի կենդանիները մեր փոքրիկ ընկերներն են, որոնք ի զորու են գունավորել մեր ամենամռայլ օրը, վերացնել մեր բացասական, դեպրեսիվ մտքերը և կրկին ստիպել մեզ ժպտալ այն ժամանակ, երբ դա անհնար է թվում: Այո’, ընտանի կենդանի պահելը պատասխանատվություն է, բայց հաճելի, և որ ավելի կարևոր է օգտակար: Գիտական փաստերով վաղուց հաստատված է, որ ընտանի կենդանիների հետ ապրելը շատ օգտակար է մարդկանց` թե’ հոգեբանական, թե’ ֆիզիկական առողջության համար։ Իսկ ո՞րն է այդ օգտակար ազդեցությունը:

Սթրեսի և անհանգստության մակարդակի նվազեցումը

Կենդանիների հետ շփումը բարձրացնում է օքսիտոցին հորմոնի մակարդակը, որն իր հերթին նվազեցնում է սթրես առաջացնող հորմոնի՝ կորտիզոնի մակարդակը։ Ուստի, հիմա, սթրեսը հաղթահարելու համար բժիշկները նույնիսկ խորհուրդ են տալիս ձեռք բերել ընտանի կենդանի։ Կենդանիների հետ շփումը հատկապես օգտակար է նորածինների համար: Կենդանիներ ունեցող ընտանիքներում ապրող փոքր երեխաները զգալիորեն ավելի քիչ են ունենում սթրես, անհանգստություն և սոցիալական խնդիրներ: Ընտանի կենդանիների հետ երեխայի շփումը գրեթե վերացնում է հասուն տարիքում մտավոր, հուզական և վարքային խանգարումների զարգացման հավանականությունը:

Սիրտ – անոթային համակարգի ամրապնդում և արյան ճնշման կայունացում։

Ըստ սրտաբանական ուսումնասիրությունների՝ ընտանի կենդանիների (հիմնականում կատուների և շների) տերերը զգալիորեն ավելի քիչ են հակված ճնշման տատանումներին և սիրտ- անոթային համակարգի հետ կապված խնդիրներին: Բացի ընտանի կենդանիների հետ շփման և շոյելու ընթացքում հանգստանալուց, զգալի դրական ազդեցություն են ունենում նաև այգիներում կամ այլ էկոլոգիապես մաքուր վայրերում կանոնավոր զբոսանքները: Գաղտնիք չէ, որ ընտանի կենդանի ունենալը մարդուն ստիպում է ավելի շատ շարժվել։ Սա վերաբերում է ոչ միայն զբոսանքին, այլ նաև կենդանիների հետևից մաքրելուն և լողացնելուն։ Այս առումով’ ամենաակտիվը, իհարկե, շների տերերն են, բայց կատուների հետ ակտիվ խաղերը պակաս օգտակար չեն։

Մարդու հիվանդությունների ախտորոշում:

Կենդանիների զարմանահրաշ հոտառության շնորհիվ հնարավոր է որոշել մարդու օրգանիզմի ամենաչնչին փոփոխությունները։ Կենդանիները, զգալով նման փոփոխությունները, կտրուկ փոխում են իրենց պահվածքը տերերի կողքին։ Ամենից հաճախ կենդանիները կարող են զգալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, նարկոլեպսիան, միգրենը, շաքարախտը և էպիլեպսիկ նոպաները: Հատկապես զգայուն են հիվանդությունների նկատմամբ շները, որոնք նույնացնում են դրանք բարձր ճշգրտությամբ։

Հիվանդության առաջացման ռիսկի նվազեցում:

Ապացուցված է, որ ընտանի կենդանիներ պահելը բարելավում է իմունիտետը, հետևաբար՝ զգալիորեն նվազում է ալերգիկ հիվանդությունների և սրտային հիվանդությունների առաջացման վտանգը։ Բացի դրանից Կալիֆորնիայի և Սթենֆորդի համալսարանների գիտնականները պարզել են, որ մեր ընտանի կենդանիները պաշտպանում են մեր օրգանիզմը նաև քաղցկեղի որոշ տեսակներից: Երեխաները, որոնց ընտանիքներում առկա են ընտանի կենդանիներ, շատ ավելի քիչ են հակված ալերգիային, քանի որ փոքր հասակից նրանք ընտելանում են կենդանիների մազերին, թքին և այլն:

Կենդանիների բուժիչ ազդեցությունը մարդկանց վրա

Ցավը մեղմելու, տրամադրությունը բարելավելու և հիվանդություններից ձերբազատվելու համար ամբողջ աշխարհում տևական ժամանակ է կիրառում են այսպես կոչված զոոթերապիան։ Այն ներառում է հիպոթերապիա(շփում ձիերի հետ), հիրուդոթերապիա(բուժում տզրուկների միջոցով), ապիթերապիա (բուժում մեղվաբուծական պրոդուկտներով), դելֆինոթերապիա(շփում դելֆինների հետ) և փետթերապիա(բուժում ընտանի կենդանիների միջոցով): Ամենից հաճախ բուժման այս տարբերակները օգտագործվում է հիվանդանոցներում, ծերանոցներում և հոսպիսներում: Կենդանիների հետ շփումը թույլ է տալիս հիվանդներին շեղվել առկա խնդիրներից և ավելի արագ վերականգնվել հիվանդություններից հետո:

Սոցիալական կապերի ընդլայնում

Ընդհանուր շահերը մտերմացնում և միավորում են մարդկանց։ Ընտանի կենդանիների շնորհիվ մարդկանց համար շատ ավելի հեշտ է նոր զրույցի բռնվել, նոր ծանոթություններ հաստատել կամ շարունակել զրույցը։ Շատ հաճախ կենդանիների տերերը ծանոթանում են միմյանց հետ և սկսում են շփվել զբոսանքի ժամանակ, կենդանիների խանութներում կամ ինտերնետում: Չէ՞ որ նրանք միշտ քննարկելու ու խոսելու թեմա ունեն։ Այս կերպ, մեր «կրտսեր ընկերները» օգնում են մեզ ազատվել ամաչկոտությունից և հաղթահարել միայնությունը։

Դե ինչ, կարծում եմ եթե դեռևս ընտանի կենդանի չունեք, ապա միգուցե հիմա սկսեցիք մտածել այդ բացը լրացնելու մասին: